Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Մեզ մոտ շատ լավ մասնագետներ մնում են տիղմի ու ճահճի մեջ»

«Մեզ մոտ շատ լավ մասնագետներ մնում են տիղմի ու ճահճի մեջ»
15.01.2016 | 02:25

«Իրատեսի» հյուրն է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ:

«ԵԹԵ ՄԱՐԴԸ ԳՐԻՉ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԳՐԵԼ, ՆԱ ԱՐԴԵՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇԵՆՔՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ»


-Անի, գրականությունը և գրականագիտությունը հակամարտո՞ղ, թե՞ միմյանց փոխլրացնող, փոխադարձաբար օժանդակող երևույթներ են:
-Դրանք միասին են՝ ըստ էության: Ծնվել են միասին, միասին էլ պիտի ընթանան: Դժվար է պարզել, թե որն է առաջինը ծնվել: Եթե մարդը գրիչ է վերցնում և որոշում գրել, նա արդեն գրականագիտության առաջին շենքն է կառուցում: Գրականագիտությունը, լինելով ծավալուն և կարևոր գործոն գրականության համար, անընդհատ փոփոխությունների մեջ է: Եթե նախկինում գրական քննադատությունը դիտվում էր որպես առանձին գիտություն, ապա հիմա ընդունվում է, որ այն սերում է գրականության տեսությունից, գրական ամբողջ մտածողությունից: Այսինքն՝ դա երևույթ է, որն ուղեկցում է գրականությունը: Գրաքննադատը գիտնական է, որը գիտի և՛ տեսությունը, և՛ տեքստաբանությունը, և՛ գրականության պատմությունը: Առանց այս գիտելիքների նա չի կարող վերլուծել գրական արժեքը: Արիստոտել, Պլատոն, Դիդրո, Լեսինգ, Գերցեն, Բախտին… սրանք անուններ են, որոնք ստեղծել են ամուր հիմքեր գեղարվեստական գրականության պատմության համար: Մենք էլ ունենք կարևոր անուններ, որոնք արժևորեցին հայ գրականության ընթացքը: Այս ամենը ի մի բերողը, ներկայացնողը գրականության պատմաբանն է: Նա քաղում է գրականության ամբողջ բերքը: Եվ գրաքննադատը, որը կարևոր շարժիչն է գրականության, հիմք է պատրաստում գրականության պատմաբանի համար: Այսինքն՝ ամեն ինչ միախառնված է: Եթե գրականագիտությունը զատենք գրականությունից, ապա վերջինս կդառնա մերկ, քաոսային շարժում: Դա նույնն է, որ մեքենաները դուրս բերեն փողոց և ասեն՝ ով ինչպես ուզում է, թող վարի իր մեքենան: Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կստացվի: Ահավոր մի բան, ողբերգություն: Նույնն է գրականության պարագայում, և եթե չուղղորդի այն գրականագիտությունը, կհայտնվենք քաոսում: Անկյուններում կթողնենք հանճարներին, կեղտաջրերի մեջ՝ մեր տաղանդներին: Եվ այդպիսի դեպքերում շատ արագ են արթնանում միջակները, գրչակները, որոնք իրենց հրաշալի են զգում: Նրանց ոչ ոք չի քննադատում, պետպատվերով տպագրում են իրենց գրքերը, և մենք կորցնում ենք ամեն բան: ՈՒստի գրական քննադատի ուսերին դրված է այսպիսի բաները կանխելու ամենածանր բեռը:
-Որպես այվազյանագետ՝ հետամուտ ես Աղասի Այվազյանի հիշատակի ոգեկոչման ձեռնարկումներին: Դրանք բավարա՞ր մակարդակով են կազմակերպվում, թե՞ զարգանալու տեղ ունեն հեռանկարում:
-Դրանք ոչ միայն բավարար չեն, այլև կիսատ-պռատ են, գրականությանը պատիվ չբերող, ցածրամակարդակ: Մենք ունենք հզոր երևույթ և այդ երևույթին տրվող ցածր գնահատական: Ես զբաղվում եմ այվազյանագիտությամբ, հիմա պատրաստում եմ գիրք, որում պիտի ներկայացվեն Այվազյանի լեզուն, նրա արձակի պոետիկան: Սակայն այն, ինչ կատարվում է Այվազյանի շուրջ, ընդամենը պրելյուդիա է: Այն էլ՝ փոքրիկ պրելյուդիա: Մենք անում ենք ինչ-որ բաներ, բայց հետագա զարգացումներ տեղի չեն ունենում: Խոսել միայն Այվազյանի մասին, ասել, թե նա ինչպիսի մարդ էր, որքան հզոր հայ էր, չի նշանակում նրա գրականությունը բերել կյանք: Այվազյանի տեքստում կա ազգային շարժման գաղափար, կառուցվածք, ծրագիր: Աղասի Այվազյանն անընդհատ հայի որոնման մեջ է: Միայն Այվազյանին հետևելով՝ կարող ենք շատ բարեփոխիչ աշխատանք անել երկրի ներսում: Այսինքն՝ կորցնելով գիտական ապարատը այս հեղինակի ամբողջ ստեղծագործության մեջ, մենք մեծ կորուստներ ենք ունենում: Գրողի ծննդյան օրը նշել նշանակում է մոտենալ նրա ստեղծագործություններին: Մի բան, որ այսօր չի արվում: ՈՒրեմն Այվազյանի հիշատակի ոգեկոչման ձեռնարկումները թերի են: Դեռ ամեն ինչ նոր պիտի սկսվի:
-Այվազյանն ինձ տված հարցազրույցում լավատեսորեն նկատել է, որ այսօր անազնիվ ճանապարհով հարստացած տգետների երեխաներն ստանում են լավ կրթություն, և վաղը նրանք կհասկանան, թե ինչ նպատակի պիտի ծառայեցնեն իրենց հայրերի կուտակած միջոցները: Հավատո՞ւմ ես այս կանխատեսումին:
-Հայի հոգու ամբողջ քարտեզը տվեց Այվազյանն իր գրականությամբ: Եվ ինչ անպատվություն է մեզ համար, որ չենք մոտենում այդ քարտեզին: Նրա «Աղի կոմս» վիպակում լավագույնս տրված է այդ հարցի պատասխանը: Մեծահարուստ, հանրահռչակ Եսայի Մակարյանի տղան՝ Բոգդանը, կործանվում է հոր աչքի առաջ, որովհետև այնքա՜ն խախուտ է արմատը, որովհետև այնքա՜ն հեռու է նա իր տեսակից, որովհետև նա իր հողում չէ: Սա հայի ճակատագրի մի փոքրիկ մոդել է, որին պետք է հետևել: Դրսում ապրող հայերը գուցե այսօր ապահովված են, ինչ-որ բաներով ուրախանում են, բայց նրանք իրենց մեջ կրում են տարաբախտության մի ողջ պաշար: Իրենց սերունդներին է փոխանցվում այդ տխրությունը, նրանք չեն կրում իրենց մեջ հայի հետքը: Իսկ հարուստ մարդկանց սերունդները կկարողանան ճիշտ ուղղորդել հայրերի կուտակածը, եթե նրանց հայրերը, կուտակելուն զուգահեռ, սովորեցրել են իրենց զավակներին, թե ինչպես պետք է աշխատել՝ հարստություն կուտակելու համար: Իսկ այն հայրերը, որոնք պատրաստի տվել են իրենց ունեցվածքը զավակներին, հղփացրել նրանց, տխուր փաստի առաջ են կանգնելու: Իրենց ամբողջ կուտակածը պիտի վատնեն-կորցնեն որդիները, բնականաբար: Նրանք չեն աշխատել, նրանք չեն վաստակել, որ կարողանան պահպանել և ճիշտ նպատակաուղղել այդ հարստությունը:
-Գրականագիտությունը ստեղծագործական երևույթ է: Գրականագետն իր մտքի, իր առջև դրված գրքի ու թղթի հետ է և ազատ է իր ասելիքի ձևակերպման մեջ: Դասախոսը գործ ունի լսարանի, մարդ ձևավորելու ընդունված նորմերի, գիտելիք փոխանցելու որոշակի ծրագրի հետ: Ո՞ր դեպքում է առավել ակտիվ աշխատում ստեղծագործական միտքը:
-Դասի ժամանակ ստեղծվում է այնպիսի պահ, երբ ես չեմ զգում ստեղծագործությունից հեռանալու ոչ մի նշան: Ես նույն ստեղծագործական աշխատանքի մեջ եմ: ՈՒսանողներն այնպիսի հարցեր են տալիս երբեմն, որ այդ հարցերին պատասխանելիս կարողանում ես իսկապես ստեղծագործել: Բայց դա փոքրիկ փուլ է: Դասն ունի մեթոդների իր համակարգը, որը կտրուկ տարբերվում է ստեղծագործական պրոցեսից: Ես ինձ՝ որպես գրող, որպես ստեղծագործող, զգում եմ միայն սպիտակ թղթի առջև, հոդված գրելիս: Այդ ժամանակ կատարելապես ազատ եմ, ստեղծագործելու իմ ողջ ներուժն այստեղ եմ հիմնականում զգում: Գրականագետներն էլ են նույն վիճակում, ինչ գրողը: Գրականագետը նույն գրողն է, ով, թեև գրում է ուրիշի գործի մասին, սակայն դա անելիս ի հայտ է գալիս որպես գրող:

«ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ԿԻՐԹ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺԵԼ»


-21-րդ դարի հայ մտավորականին ի՞նչն է խանգարում ինքնադրսևորվելու, իր տեղծագործական էներգետիկան իրացնելու այսօր:
-Սկսենք նրանից, որ գրականության համար այսօր դժվար օրեր են, մինչդեռ հակառակը պիտի լիներ։ Որպեսզի երկիրը զարգանար, գրականությունը պիտի ազդակ դառնար՝ կյանքը ճիշտ արթնացնելու համար: Մի փոքրիկ օրինակ բերեմ. մամլո ասուլիս է, և դու ունես հսկայական ասելիք: Լրագրողը գալիս է անպատրաստ, և քո թևերը կոտրվում են: Ասում ես կարևոր բաներ, հետո տեսնում, որ լրագրողը մկրատել է ասածդ, թողել ինչ-որ անկարևոր, լղոզված բան: Գրականության և գրականագիտության բարձրացման առաջին նիշը գրագետ լրագրողն է: Լրագրողները մունետիկներն են, տարածողներն են մեր խոսքի: Մենք պիտի պատրաստենք կիրթ լրագողներ, որ կարողանանք սայլը տեղից շարժել: Այսօր ԶԼՄ-ներն են մեր ամենագործուն հարթակները, եթե դրանք ճիշտ չաշխատեն, մեր խոսքը կլինի «ձայն բարբառոյ յանապատի»: Հրաշալի գրականագետներ ունենք, որոնց լսելով միայն կարող ենք առաջ գնալ: Բայց ասածս չի վերաբերում միայն գրական կյանքին: Ես նկատի ունեմ մեր կյանքն ամբողջությամբ: Բայց այս կյանքը ճիշտ հունի մեջ գցելու համար նախ և առաջ պետք է հետևենք գրից եկող մշակույթին, գրականությանը: Գրականությունը և նրա մատուցումը, գրողը և ընթերցողը, գրողը և քննադատը, ընթերցողը և քննադատը. այս շաղախով պիտի ուղղորդվի մեր կյանքը: Ես կարծում եմ, որ շատերը չեն ցանկանում այսպես ուղղորդել մեր հասարակությանը:
-Դա ո՞ւմ ձեռնտու չէ:
-Դրա համար նախ գաղափարապես հասուն պիտի լինի երկիրը: Երկիրը պիտի կարողանա տեսնել իր լավ մասնագետներին, ինչը մեզանում բացակայում է: Ես միայն մեր ոլորտի մասին չեմ խոսում: Մեզ մոտ շատ լավ մասնագետներ մնում են տիղմի ու ճահճի մեջ: Ինչի՞ համար են նախարարությունները, հազար տեսակ գերատեսչությունները: Դրանք պետք է հետամուտ լինեն՝ նկատելու և տեսնելու արժեքավոր մասնագետներին, ճիշտ լծակներ, ճիշտ հենք ապահովելու նրանց գործունեության համար:
-Ի՞նչ ես ակնկալում 2016 թվականից:
-Թող 2016 թվականը նախ լուսավոր տարի լինի մեր ժողովրդի համար: Քանի որ լավատես եմ, հավատում եմ, որ եթե բոլորս միասին աշխատենք, յուրաքանչյուրս ճիշտ և նպատակաուղղված մեր գործով զբաղվենք, կունենանք լավագույն արդյունք: Կունենանք ավելի լավ ընթերցող, ավելի հետաքրքիր ժամանակաշրջան, քան նախորդ տարիներին: Եվ մի բան կա, որ շատ եմ ուզում. թող գրողները, ի վերջո, չխորշեն իրենց քննադատներից, նրանց ընդունեն իբրև լավագույն բարեկամների: Որովհետև միայն սիրելով գրաքննադատին՝ գրողը կկարողանա ճանապարհ ընկնել դեպի մեծ եզերքներ, դեպի համաշխարհային գրականություն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ